Մոնթե Մելքոնյան/Ավո - Ազգային հերոսներ - Անվանի մարդիկ - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Անվանի մարդիկ » Ազգային հերոսներ

Մոնթե Մելքոնյան/Ավո
Մոնթե Մելքոնյան/Ավո 
(Նոյեմբերի 25, 1957 - Հունիսի 12, 1993)
 Մոնթե Չարլզի Մելքոնյանը  ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Վայսեյլի ավանում, որը գտնվում է Ֆրեզնո քաղաքի մոտ:
 Մոնթեն 12 տարեկան էր, երբ իմացավ իր հայ լինելու մասին: 15 տարեկանում ծնողները նրան տարան ճանապարհորդության Եվրոպա, Աֆրիկա, Մերձավոր Արևելք և Արևմտյան Հայաստան, որտեղ ցույց տվեցին իր պապերի տունը...
 1973թ. նա մեկնեց Ճապոնիա և մեկ ու կես տարի սովորեց Օսակա քաղաքի վարժարանում։ Այնուհետև անցնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայական վանականի։ Ապա անցնում է Վիետնամ։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետած ճապոներենին ու կարատեի մարտարվեստին։ 
 1975 թվին գերազանց ավարտել է Մաունթ Ուիթնիի միջնակարգ դպրոցը։ 20 տարեկանում ընդունվում է Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակությունների տեր՝ նա չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության և ասիական պատմության մասնագետի վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին ստեղծում է «Հայ ուսանողական միություն» և կազմակերպում ցուցահանդես նվիրված Մեծ եղեռնին։ 

 Մոնթեն 1978թ-ին պաշտպանում է ավարտական թեզը, որը նվիրված էր Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը։ Պաշտպանելով թեզը արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար, սակայն Անգլիա չի մեկնում, այլ գնում է Արևմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները և կացարանները չափագրելու և ուսումնասիրելու համար։ 
 1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան և մասնակցում Բեյրութի հայ համայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։ 
 1980 թվականին միանում է «Հայաստանի Ազատագրական Հայ գաղտնի բանակին» (ԱՍԱԼԱ)։ 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին։ 1981 թվի նոյեմբերին Փարիզում ձերբակալվում է՝ Հռոմում թուրք դիվանագետի սպանությունը նախապատրաստելու ամբաստանությամբ, որի հերքումից հետո, այնուամենայնիվ, բանտարկվում է կեղծ անձնագիր  և ատրճանակ կրելու մեղադրանքով։ Նա սկզբում դատապարտվեց 4 ամսվա ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից։ Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»։
 Մի քանի շաբաթից ազատ է արձակվում։ Երկու տարվա ընթացքում դառնում է ԱՍԱԼԱ-ի կարևոր դեմքերից մեկը։ 
Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, Սան Ֆրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրում, նաև անգլերեն մի շարք գրքերում՝ հայոց ազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։
 1991 թվին, բանտից ազատվելուց հետո, Մոնթեն գալիս է Երեւան, յոթ ամիս աշխատում Գիտությունների ակադեմիայում։
 Օգոստոսին ամուսնանում է լիբանանահայ ուսանողուհու՝ Սեդայի հետ, որի հետ ծանոթացել էր դեռևս Լիբանանում եղած ժամանակ։ Արցախի ազատագրման պատերազմը սկսվելուց հետո, թողնելով գիտական գործունեությունը, մեկնում է Ղարաբաղ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։
 Սկզբնական շրջանում նրա գալն այնքան էլ ջերմ չընդունվեց։ Ամերիկահայ Մոնթեի նկատմամբ հավատ ու հույս չկար, նրա բնավորության որոշ գծեր անսովոր էին թե՛ հրամանատարների, թե՛ ազատամարտիկ տղաների համար, սակայն մի քանի ծանր ու դժվարին մարտերից հետո նա այնպիսի խիզախություններ ցուցաբերեց, երբ որ անհավանականը հնարավոր դարձնելու համարձակությամբ ապշեցրեց անգամ խորհրդային բանակի երկարամյա ծառայության փորձ ունեցող պրոֆեսիոնալ զինվորականներին։ Ճիշտ է, ծնունդով ամերիկացի էր, սակայն արյունով հայ էր ու իր ազգի հավատարիմ զինվոր։ 
 Արցախի պաշտպանության ղեկավարությունը տեսնելով նրա խիզախությունները՝ 1992 թվի հունվարին Մոնթեին հանձնարարում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Նրա ղեկավարած ամենապատասխանատու և փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր, ուր մեկ անգամ ևս փայլեց Մոնթե հրամանատարի, զորավարի տաղանդը։
 Նա նաև հայտնի է զինվորների հանդեպ ունեցած իր սրտացավությամբ, սակավապետությամբ ու քչով բավարարվելու իր սովորությամբ: Ընկերների ու բարեկամների ուղարկած հագուստները նվիրում էր մարտական ընկերներին, իսկ ինքը բավարարվում իր հնամաշ հագուստով:
 Դեռևս կենդանության օրոք նա լեգենդար հերոս էր, ողջ հայության և արցախահայության անվերապահ սիրո և պատկառանքի խորհրդանիշ։
  «Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- Մոնթեի այս խոսքը որպես զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և ապա նաև՝ կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում։ 1993թ. հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային: Կարծելով հայեր են՝մոտենում են, պարզվում է ազերիներ են։ Սկսվում է փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը։ Հետմահու Մոնթեն արժանացավ Ազգային Հերոս կոչմանը։

Հուշեր Մոնթեի մասին
 Ավոն ընդհանրապես խմիչքի հետ սեր չուներ և չէր սիրում, երբ զինվորներն էին այն չարաշահում։ 
- Էլի խմո՞ւմ եք, – մոտենալով հավաքված զինվորներին՝ հարցնում է Ավոն։ 
- Դե, հրամանատար ջան, Ղարաբաղի թթի օղին աշխարհին է հայտնի։ Ամեն հաց ուտելուց մի բաժակ պետք է խմի ղարաբաղցին։ Միշտ էդպես է եղել. մեր պապերն էլ, պապերի պապերն էլ, երբ սեղան են նստել, թթի օղին անպակաս է եղել։ 
- Մեր պապերն էլ, պապերի պապերն էլ ժամանակից շուտ են խմել։ Ես անգամ պետք է խմենք վերջում ազգովի, ես ել ձեզ հետ միասին, - ասումն է Ավոն:
...
Ղարաբաղում այդ օրերին ամեն կաթիլ վառելանյութը պետք Է ծառայեր միայն ռազմական նպատակների։ Ավոն այն վերահսկում Էր խստորեն։ Մի անգամ մթնշաղին հայ մամիկը, լսելով, որ Ավոն ինչ — որ տեղ Է գնացել,լամպը ձեռքին մոտենում Է զորանոցին ու դիմում հերթապահ զինվորին.
- Որդիս, լսել եմ Ավոն տեղ Է գնացել, մի բաժակ սալյարկա տվեք` լամպը Էսօր վառենք, որդիս դիրքերից տուն Է եկել։
Զինվորը, որին մթության քողի տակ չէր ճանաչել մամիկը, ժպտում է։ Ապա մոտ կանչելով անցնող զինվորին ասում է.
- Մեկ դույլ սալյարկա տվեք մայրիկին։
–Վա՜յ, Ավո ջան, դո՞ւ ես, քե մատաղ, բա ասել էին գնացե՞լ ես...
...
Մի քանի զինվոր, քեֆները լավ Ավոյին տեսնելով, փորձում են ճանապարհը շեղել։ Ավոն, նկատելով նրանց, կանչում է ու ժպիտով հարցնում. 
- Քեֆներդ մարխո՞շ է, հա՞։ 
Ապա շրջվելով կանչում է ուստա Սուրենին (ուստա Սուրենը տարիքն առած ղարաբաղցի էր, պահեստապետը։ 
Պատժվողներն իրենց պատիժը կրում էին նրա պահեստում)։
- Ուստա Սուրեն, ասոնց ձգե նկուղը, դուռն էլ ամուր կողպե։
Քիչ հետո սկսվում է թուրքերի հարձակումը։ Զգացվում է «կալանավորվածների» կարիքը։ Մոնթեն նորից ձայն է տալիս.
- Ուստա Սուրեն, նկուղի դուռը բաց։
Մարտից հետո, երբ վերադառնում են զորանոց, Մոնթեն կանչում է տղաներին և պատվիրում ուստա Սուրենին, որ հինգին էլ «պարգևատրի» մեկ ւոուփ ծխախոտով (այն օրերին օրը 6 հատիկ էր սահմանված), ապա ավելացնում է.
- Պարգևատրելեն ետքը նորեն ձգե նկուղը։
Տղաները ծիծաղելով ստանում են «պարգևը» և իջնում նկուղ։
...
Թալիշցի Սմբատը, որին Գուդուր էին ասում, կռվել էր Մոնթեի հրամանատարությանբ գործող ջոկատում: «Երբ թուրքերը անասուններն առաջ արած անցնում էին հարձակման, - պատմում էր Սմբատը, - Մոնթեն միշտ մեզ նախազգուշացնում էր. «Ասոնք մեր պապերու հոտերն ու նախիրներն են, թող գան անցնեն` չկրակեք: Մենք ասոնց գողցողներում պիտի պատժենք»:
...
Հրադադար
- Հրադադար է, տղաներ, հանկարծ չկրակեք, - պատվիրում է Մոնթեն իր զինվորներին:
- Իսկ եթե իրենք կրակե՞ն, - հարցնում է մեկը:
- Մարերը լացացրեք, - լինում է պատասխանը:
...
Մոնթեն զանգահարում է շտաբ ու գանգատվում զինվորներից. 
-Էս իշերուն կըսեմ գնացեք պոստեր, չեն էրթա:
Շտաբում զարմանում են.
-Ինչպե՞ս,պոստերը դատարկ են և ազերիները չեն հարձակվում:
-Անոնք մեզմեն էշ են,-լինում է պատասխանը:

Ենթաբաժին: Ազգային հերոսներ | Տեղադրեց: Admin (11.12.2013)
Դիտումներ: 765 | Վարկանիշ: 0.0/0