Մահաթմա Գանդի - Հեղափոխականներ - Անվանի մարդիկ - Հանրագիտարան - Infobaza
Նորություններ » Հանրագիտարան » Անվանի մարդիկ » Հեղափոխականներ

Մահաթմա Գանդի
Մոհանդաս Կարամչանդ Գանդի
/Մահաթմա Գանդի/  
(1869 –1948) 

Մոհանդաս Կարամչանդ Գանդին Հնդկական անկախության շարժման քաղաքական և հոգևոր առաջնորդ էր:
Գանդին ծնվել է 1869 թվականի հոկտեմբերի 2-ին, Հնդկաստանի ծովափնյա Պորբնդար քաղաքում: 13 տարեկանում Մոհանդասին ամուսնացնում են նույն տարիքի մի աղջկա` Կաստուրբաի հետ: Գանդիի ընտանիքը ապահովված էր և Մոհանդասը 19 տարեկանում ուղևորվում է Լոնդոն` իրավաբանություն ուսումնասիրելու: 1891 թվականին, ուսումը ավարտելուց հետո, նա վերադառնում է Հնդկաստան: 1893 թվականին Մոհանդասը մեկնում է Հարավային Աֆրիկա իրավաբանական աշխատանք կատարելու: Այդ ժամանակ Հարավային Աֆրիկան ղեկավարում էին բրիտանացիները: Գանդին տեսնում է, որ այնտեղ հնդիկները պաշտպանված չեն և պայքար է սկսում իր համաերկրացիների իրավունքները պաշտպանելու համար: Նա ընտանիքի հետ միասին Հարավային Աֆրիկայում է անցկացնում 21 տարի և հասնում է հաջողության:
 Նա մշակում է արիության, արդարության և չբռնության վրա հիմնված սկզբունքներ, որն անվանում է Սատյագրախա: Նա համոզված էր, որ նպատակին հասնելու միջոցները ավելի կարևոր են, քան հենց նպատակը: Սատյագրախան քարոզում էր չբռնությունն ու քաղաքացիական անհնազանդությունը սոցիալական և քաղաքական նպատակներին հասնելու համար նախընտրելի միջոց :  1915 թվականին Գանդին վերադառնում է Հնդկաստան, որտեղ գլխավորում է Հնդկաստանի անկախության պայքարը Բրիտանիայի դեմ: Բազմաթիվ անգամներ ձերբակալվում է:  Ընդհանուր առմամբ, իր քաղաքական գործունեության ընթացքում նա 7 տարի է անցկացնում բանտում:
1948 թվականի հունվարի 13-ին, երկրում արյունահեղություն է ծագում, որը դադարեցնելու նպատակով Գանդին հացադուլ է հայտարարում: Հինգ օր անց, այն բանից հետո, երբ ընդիմադիր ուժերի առաջնորդները խոստանում են դադարեցնել պայքարը, Գանդին ընդհատում է հացադուլը: Դրանից 12 օր անց տարբեր կրոնների ու հավատների հանդուրժողականության հարցերում Գանդիի հակառակորդ Նատխուրամ Գոդզեն երեք կրակոց է արձակում Մահաթմայի վրա: Կյանքի վերջին վայրկյաններին Գանդին շարժումներով ցույց է տալիս, որ ներում է իրեն սպանողին: 
Հոկտեմբերի 2-ը՝ Գանդիի տարեդարձի օրը  Հնդկաստանում նշվում է իբրև Ջայանտի ազգային տոն, իսկ աշխարհում` Ոչ-Բռնության Միջազգային Օր։
Գանդին հնդիկ ժողովրդի առաջնորդն էր,Հնդկաստանի ազգային ազատագրական շարժման գաղափարախոսը, ով մերժում էր բռնությունը ցանկացած ձևով: 30 տարի անընդմեջ նա քարոզում էր իր փիլիսոփայությունը և վերջում ապացուցեց ողջ աշխարհին, որ այն արդյունավետ է, երբ 1947 թվականին Հնդկաստանը, Գանդիի ջանքերի շնորհիվ, խաղաղ ճանապարհով անկախություն ստացավ Մեծ Բրիտանիայից: Նրա "չբռնության» փիլիսոփայությունը առ այսօր մեծ ազդեցություն ունի ողջ աշխարհում խաղաղ փոփոխությունների կողմակիցների շարժումների վրա:
Գանդին փոքրամարմին էր՝ կշռում էր ընդամենը 45 կիլոգրամ: Նա, լինելով հեղինակության և համբավի գագաթնակետին, չուներ կարողություն: Նրա հողից հատակով տուն էին մուտք գործում Հնդկաստանի և Բրիտանիայի ճանաչված քաղաքական և մշակույթային գործիչներ: Շաբաթական մեկ օր նա իր համար կազմակերպում էր լռության օր: Քարոզում էր բուսակերությունը, քաղաքականությունից և գրքեր գրելուց ազատ ողջ ժամանակը անցկացնում էր ջուլհակահաստոցի դիմաց: Գանդին կարողանում էր գործել համաշխարհային պատերազմների, դեմոկրատիայի, ֆաշիզմի, կոմունիզմի, նրան ուղեկցող ոստիկանական ազդանշանների ֆոնի վրա` չընդունելով չարությունը, ատելությունը, քարոզելով բարին և սերը:
 "
 Նրանում կար երկաթի պես ամուր ինչ-որ բան, անհաղթելի ինչպես ժայռը, ինչ-որ բան, որին չէր կարող հաղթել ֆիզիկական ոչ մի ուժ, ինչքան էլ հզոր այն լիներ: Նա թագավորական մեծություն էր», – ասում էր նրա մասին անկախ Հնդկաստանի առաջին ղեկավար Ջավախարլալ Նեռուն:
Մահաթմա Գանդին ասում է. «Ազգի մեծությունը և բարոյական առաջընթացը կարելի է չափել նրանով, թե ինչպես է այդ ազգը վերաբերվում կենդանիներին»
«Գլխավորը փոխադարձ հանդուրժողականությունն է», – ասում էր նա: «Պետք է հասկանալ, որ մարդիկ չեն կարող միանման մտածել և որ մենք տեսնում ենք միևնույն ճշմարտության կտորները տարբեր անկյունների տակ»:
Ալբերտ Էնշտեյնը Գանդիի մասին ասել է. «Հնարավոր է, որ հետագա սերունդները արդեն չհավատան, որ նման մարդը` սովորական միս ու արյունից, քայլել է այս երկրի վրա»:


Մահաթմա Գանդիի 10 անգին խորհուրդները

1. Շրջակա աշխարհը փոխելու համար դուք պետք է փոխեք ձեզ:

2. Առանց իմ համաձայնության ոչ ոք չի կարող ինձ վնասել: 

3. Թույլերը ի վիճակի չեն ներելու. ներելու կարողությամբ օժտված են միայն ուժեղները: Առաջնորդվելով աչը աչքին կանոնով` աշխարհի բոլոր մարդիկ կարող են կուրանալ:

4. Սեփական փորձի մեկ գրամը ավելի թանկ է, քան ուրիշի մեկ տոննան:

5. Ես ինձ համարում եմ հասարակ մարդ, ով ուրիշների նման է և ինչպես բոլոր մահկանացուները ունի սխալվելու իրավունք: Եվ միաժամանակ խոստովանում եմ, որ իմ մեջ կա բավականին շատ մարդկություն` ընդունելու իմ սխալները և հասկանալու դրանց պատճառները: Իմաստուն չէ համարել մեկին մյուսից խելացի: Միշտ պետք է հիշել, որ նույնիսկ ամենաուժեղ մարդը կարող է դառնալ թույլ, և ամենախելացին է սխալվել:

6. Սկզբում նրանք անտեսում են քեզ, հետո ծիծաղում են քո վրա, հետո կռվում են քեզ հետ, և այդ ամենից հետո դու հաղթում ես:

7. Եթե ես չունենայի հումորի զգացում, ես ինքնասպան կլինեի շատ տարիներ առաջ:

8. Ես աշխատում եմ տեսնել մարդկանց մեջ միայն լավը: Ես ինքս շատ անգամներ սայթակել եմ կյանքում և հարկ չեմ համարում դատել ուրիշի արարքները: Ես ընդունում եմ, որ նախկինում մարդկանց քո հետևից տանելու կարողությունը կախված էր ուժից, բայց այսօր այն կախված է մարդկանց հետ համաձայնության գալուց:

9. Երջանկությունը` այն է ինչ որ դուք խոսում եք, մտածում եք և անում եք իրար հետ ներդաշնակ: Միշտ ձգտեք հասնել ամբողջական ներդաշնակության (մտքերը, խոսքերը, արարքները): Ձգտեք մտածել անկեղծորեն, և այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի:

10. Անընդհատ զարգանալը` դա կյանքի և մարդու օրենքն է:


Ենթաբաժին: Հեղափոխականներ | Տեղադրեց: Admin (11.12.2013)
Դիտումներ: 484 | Վարկանիշ: 1.0/1