Նորություններ » Հանրագիտարան » Բույսեր » Ծառեր

Ծիրանենի

 

Ծիրանենին վարդազգիների ընտանիքի ուժեղ աճ ունեցող պտղատու ծառատեսակ է: Լրիվ պտղաբերության տարիքում ծառն ունենում է 6-10 մետր բարձրություն և 7-12 մետր լայնությամբ սաղարթ: Տերևներտ կլորավուն են կամ ձվաձև: Ծիրանենու ծաղիկները հիմնականում բաց վարդագույն են, երկսեռ, փոշոտումը խաչաձև: Ծիրանենու վեգետացիան և այնուհետև ծաղկումը շուտ է սկսվում: Այս պատճառով գարնանային հետադարձ ցրտերն ու հաճախակի տեղացող անձրևները ռիսկային գործոններ են:

Ծիրանենին սկսում է բերք տալ 4-5 տարեկան հասակում, իսկ լրիվ բերքատվության հասնում է 10-րդ տարուց: Մեկ ծառը կարող է տալ 100-700կգ բերք: Պտուղների հասունացումը սկսվում է հունիսի 20-ից: Ծիրանենին երկարակյաց ծառ է, հանդիպում են ավելի քան 100 տարեկան բերքատու ծիրանենիներ:

Պտուղները պարունակում են մեծ քանակությամբ սննդարար նյութեր, այդ թվում՝ վիտամին A, C, B1, B2, PP, օսլա, ինուլին, դեքստրին, օրգանական թթուներից՝ սալիցիլաթթու, խնձորաթթու, գինեթթու, կիտրոնաթթու, քիմիական տարրերից՝ նատրիում, կալիում, մագնեզիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, ծծումբ, սիսլիցիում: Պտուղներն օգտագործում են թարմ, պահածոյացված և չրի տեսքով: Սննդի մեջ օգտագործվում է նաև կորիզը, որն իր համով չի զիճում նշին: Վայրի տեսակների դառնահամ կորիզներից ստանում են տեխնիկական յուղ, որն օգտագործվում է դեղագործական քսուկներ պատրաստելու համար: 

Ծիրանենու հայրենիքը Հայաստանն է, հնագույն ժամանակներում բաբելոնացիներն ու ասորիները ծիրանենին անվանվել են Արմենիակա, իսկ հռոմեական որոշ աղբյուրներում՝ Հայկական խնձոր:  Ունի 8 վայրի տեսակ և 250-ից ավելի մշակովի սորտեր: Ստորև ներկայացնում ենք Ծիրանենու տարածված սորտերից մի քանիսը.

 

Երևանի (շալախ)

Պտուղները խոշոր են, մինչև 50-65գ, էլիպսաձև, կողերից թույլ սեղմված, դեղին-ոսկեգույն, արևի կողմում 1/3 մասով գեղեցիկ մոռագույն, կորիզները փոքր, քաղցր: Ծառը խոշոր կազմվածք ունի, բարձրությունը հասնում է 8-10 մետրի, իսկ սաղարթի տրամագիծը՝ 11-12 մետրի: Ցրտադիմացկուն է, պտղաբերության տարիքը սկսում է 4-5-րդ տարուց: Վաղամիջահաս սորտ է, պտուղները հասունանում են հունիսի 25-ից հուլիսի 10-ը: Քիչ է տուժում ծակոտկեն բծավորությունից: Լավագույն փոշոտիչներն են Սաթենին, Խոսրովենին և Հանբանը:

 

Քաղցրենի

Պտուղները մանր են, միջին քաշը՝ 25 գ, կլորավուն, սպիտակ-դեղնավուն գույնի: Հասունանում են հուլիսի 1-10-ը:  Ծառը խոշոր է՝ 7 մ բարձրությամբ և 8 մ սաղարթի տրամագծով: Ցրտի և հիվանդությունների նկատմամբ զգայուն է:

 

Սաթենի

Պտուղները միջակ մեծության են՝ 35գ քաշով, կլորավուն, դեղնականաչավուն գույնի, արևի կողմում՝ 1/2 մասով վառ կարմիր: Կորիզը միջին մեծության է, քաղցր: Պտուղները հասունանում են հուլիսի 10-25-ը: Ծառն ունի 7-8 մ բարձրություն, սաղարթի տրամագիծը  8-10 մ է: Ուժեղ կերպով տուժում է ծակոտկեն բծավորությունից: Լավագույն փոշոտիչներն են Երևանին և Խոսրովենին:

 

Խոսրովենի

Պտուղները միջինից խոշոր են՝ 40գ քաշով, ձվաձև, թույլ թավոտ, դեղին ոսկեգույն, արևի կողմում 1/3 մասով կարմիր: Կորիզները միջին մեծության են, քաղցր: Պտուղները հասունանում են հուլիսի 10-20-ը: Մեկ ծառը տալիս է 150-200 կգ բերք: Ծառը խոշոր է՝ 7-10 մ բարձությամբ և 8-10 մ լայնությամբ: Ցրտադիմացկուն է, ծակոտկեն բծավորությամբ թույլ է վարակվում: Լավագույն փոշոտիչներն են՝ Երևանին և Կարմրենին:

 

 

 

Ենթաբաժին: Ծառեր | Տեղադրեց: Admin (02.04.2014)
Դիտումներ: 4417 | Վարկանիշ: 0.0/0