Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Անողնաշարավորներ

Միաբջիջ կենդանիներ կամ նախակենդանիներ

 

Միաբջիջ կենդանիները կամ նախակենդանիները 2 միկրոնից մինչև 6 սմ չափերով հնագույն օրգանիզմներ են, որոնք ապրում են ծովային և քաղցրահամ ջրերում, հողում: Նախակենդանիների տեսակների թիվը գերազանցում է 25 000-ը: Նրանց մեծ մասը ազատ ապրող ձևեր են, որոնք մասնակցում են ջրերի մաքրման, նստվածքների առաջացման, լեռնագոյացման պրոցեսներին:

Միաբջիջները ինքնուրույն օրգանիզմներ են, որոնց բորոշ է կենսական բոլոր ֆուկցիաները՝ նյութափոխանակություն, շարժում, բազմացում, գրգռականություն: Ստորակարգ միաբջիջները չունեն մարմնի կայուն ձև, նրանց կիսահեղուկ ցիտոպլազման անընդհատ շարժվում և ստեղծում է պրոտոպլազմային ելուստներ կամ կեղծ ոտքեր՝ պսևդոպոդիումներ: Բարձրակարգ տեսակներն ունեն հենարանային գոյացումներ, որոնք ապահովում են մարմնի կայուն ձև: Այդ գոյացումներից են էլաստիկ մեմբրանը կամ պելլիկուլը՝ արտաքին թաղանթը, արտաքին զրահը, ֆիբրիլները, հանքային՝ CaCO3, Si, O2 կմախքը, որը նման է խեցու կամ ասեղների (սպիկուլներ): Նախակենդանիների շարժումը կատարվում է կեղծ ոտքերի, թարթիչների, մտրակների, թարթիչներից բաղկացած թաղանթիկների (մեմբրանելների) և փնջերի (ցիրրերի), մկանային մանրաթելերի օգնությամբ:

Միաբջիջ կենդանիներն ունեն կամ ավտոտրոֆ, կամ միքսոտրոֆ, կամ հետերոտրոֆ տիպի սննդառություն: Սնվում են բակտերիաներով, միաբջիջ ջրիմուռներով, իսկ գիշատիչները՝ այլ միաբջիջ կենդանիներով: Սնման ընթացքում օգտագործվում են պսևդոպոդիումները, մերձբերանային մեմբրանելները: Չմասված նյութերը դուրս են մղվում մարմնի տարբեր կողմերից կամ պելլիկուլի հատուկ անցքից: Քաղցրահամ ջրերում բնակվող բոլոր տեսակներն ու նաև որոշ ծովային տեսակներ ունեն հատուկ օրգանոիդ՝ կծկուն վակուոլ, որն անընդհատ արտահանում է ավելորդ ջուրն ու բջջում կարգավորում օսմոտիկ ճնշումը: Մակաբույծներն ու որոշ ծովային տեսակներ զուրկ են այդպիսի վակուոլներից:

Միաբջիջ կենդանիները շնչում են մարմնի ամբողջ մակերեսով: Նրանք չունեն նյարդային համակարգ, սակայն արձագանքում են մեխանիկական, էլեկրական, քիմիական, լուսային և ջերմային գրգիռներին:

Միաբջիջ կենդանիների մեծ մասն ունի մեկ կորիզ, որոշները երկու կամ ավելի կորիզներ: Կան տեսակներ, որոնք ունեն մեկ մեծ (մակրոնուկլեուս) և մեկ փոքր (միկրոնուկլեուս) կորիզ: Մեծ կորիզը որպես կանոն պոլիպլոիդ (բազմաքրոմոսային) է և ունի վեգետատիվ ֆունկցիա, փոքրը՝ դիպլոիդ է և մասնակցում է սեռական բազմացման պրոցեսին: Պարզագույնները բազմանում են երկու եղանակով՝ անսեռ և սեռական: Անսեռ բազմացումը կատարվում է կիսման կամ բազմակիսման, կամ բողբոջման եղանակով: Սեռական բազմացման ժամանակ դիտվում է սեռական բջիջների (գամետների) առաջացում ու միաձուլում (կոպուլացիա) կամ սեռական կորիզների միաձուլում: Այսպես գոյացած զիգոտներից զարգանում է նոր սերունդ: Շատ տեսակներ բազմանում են անսեռ և սեռական բազմացման հերթագայմամբ: Այս կենդանիները հատկապես ցիստայի (թաղանթապատյանի) մեջ կարող են ապրել մինչև 16 տարի: 

Նախակենդանիների տիպը ներառում է 5 դաս՝ 1. Սարկոդայիններ (Sarcodina), 2. Մտրակավորներ(Mastigophora (Flagellata)), Սպորավորներ (Sporozoa), Կնիդոսպորիդներ (Cnidosporidia), Թարթիչավորներ (Infusoria, Giliophora): Մենք կանդրադառնանք սրանցից յուրաքանչյուրին առանձին հոդվածով:

 

Ենթաբաժին: Անողնաշարավորներ | Տեղադրեց: Admin (02.04.2014)
Դիտումներ: 9407 | Վարկանիշ: 2.8/12