Նորություններ » Հանրագիտարան » Կենդանիներ » Ջրային կենդանիներ

ԿԱՇԱԼՈՏ
ԿԱՇԱԼՈՏ 

  Սրանք ատամնավոր կետանմաններ են: Արուների երկարությունը հասնում է 20 մետրի, իսկ էգերինը` մի քիչ պակաս: Կենդանական աշխարհում կաշալոտները ունեն ամենամեծ գլուխը: Գլխի երկարությունը կազմում է ամբողջ մարմնի 1/3-ը` մոտ 6 մետր: Ստորին ծնոտը համեմատաբար փոքր է և սրածայր, որի վրա դասավորված են 57 կոնաձև ատամներ: Իսկ վերին ծնոտի ատամները զարգացած չեն և գտնվում են անցումային շրջանում: Ծերանալու հետ կաշալոտի ատամները թուլանում են և սկսում շարժվել: Կաշալոտի վերին ծնոտն ու քիթը իրար միանալով կազմել են մի հսկայական դունչ, որի ձախ կողմում  <S> տառի տեսքով գտնվում է քթանցքը: Ահա դա է պատճառը, որ արտաշնչելիս առաջանում է միակողմանի, դեպի առաջ խոյացող` 45 աստիճան թեքությամբ շատրվան: Կաշալոտի դունչը այդպիսի մեծության է հասել երկարատև պատմական զարգացման ու ջրի խորը շերտերում սնունդ ձեռք բերելու հետևանքով: Նրա դունչը ծառայում է նաև որպես հավասարակշռության օրգան:

  Կաշալոտի կրծքի լողաթիակների երկարությունը հասնում է մինչև 2 մետրի, իսկ լայնությունը` 1 մետրի: Լեզուն միահյուսված է ստորին ծնոտին: Ստամոքսը բաժանված է 4 մասի: Աղիքների ընդհանուր երկարությունը հասնում է 270 մետրի:


  Կետանմանների մեջ կաշալոտը ամենադանդաղաշարժն է` ժամում 8 կմ արագություն: Սակայն դրա փոխարեն կարողանում է սուզվել ջրի խորը շերտերը` մինչև 1000 մետր, և այնտեղ սնվել փափկամորթներով, մասամբ նաև պաշտպանվել վտանգի դեպքում: Նա ջրի տակ կարողանում է մնալ մոտ 1,5 ժամ: Կաշալոտը շշաքթի նման  շնչառության մեկ փուլի ընթացքում թարմացնում է թոքերի օդի մոտ 80%-ը, այնինչ մարդու մոտ դա կազմում է15%:

  Կաշալոտները բնազդով իրար հետ խիստ կապված են և շրջում են 50-100-ի հասնող խմբերով: Մեկի վիրավորվելու դեպքում դնչով հրելով հեռացնում են վտանգից: Իրար նկատմամբ այդքան հոգատար կենդանիները բազմացման շրջանում դառնում են դաժան ու կատաղի: Արուները մենամարտում են միմյանց հետ ու հաղթողը միայն իրավունք ունի զուգավորվելու տվյալ խմբի էգերի հետ: Լինում են դեպքեր, երբ մեկ արուն ունենում է 15-20 էգ: Կետորսները նրանց անվանում են "հարեմավոր" կետեր:

  Այս կենդանիները սովորաբար լողում են համաշխարհային օվկիանոսի 40 աստիճան զուգահեռականների սահմաններում: Եղել են դեպքեր, երբ Ճապոնիայն մոտ վիրավորված կաշալոտին որսացել են Չիլլի ափերում: Կաշալոտները մյուս կետանմանների նման արագ կանխազգում են եղանակի փոփոխությունը և ուժեղ փոթորիկների դեպքում հեռանում առավել հանգիստ վայրեր: Նրանք սիրում են ցատկոտել` ջրում ծախսելով ավելորդ էներգիան: Սատկելուց հետո ջրում չեն սուզվում, այլ շրջվում են կողքի:


Ենթաբաժին: Ջրային կենդանիներ | Տեղադրեց: Admin (27.11.2013)
Դիտումներ: 2622 | Վարկանիշ: 4.7/3